Պատերազմը, աղետ լինելուց բացի, մեծ շանս է՝ անելու այն, ինչը ոչ պատերազմական վիճակում դժվար կլինի ի կատար ածել:
Օրինակ՝ Իրանը թույլ չի տա (այդ թվում՝ Էրդողանի բառերը հիշենք) հանձնել Սյունիքը, քանի որ դա իր համար կարմիր գիծ է, իսկ պատերազմով նիկոլոսը կարող է հայտարարել, թե չկարողացավ պահել՝ մոռանալու տալով, որ Իրանը առաջարկել է համատեղ զորավարժություններ և շատ այլ բաներ, ընդհուպ՝ Սյունիքի պաշտպանության պլան, որոնց ՀՀ-ն չի էլ արձագանքել դեռ:
Հնարավոր պատերազմը, կարծես, երկար կարող է չտևել, ու դրա ավարտի կամ դադարի գործողությունը կարելի է այնպես կազմակերպել, որ դա իբր կապված լինի ՆԱՏՕ/ԱՄՆ-ՀՀ զորավարժությունների փաստի ու Արևմուտքի քաղաքական ճնշումների հետ, որն էլ հերթական անգամ հեղինակազրկելու է ռուսական կողմին:
Ի դեպ, ինչու՞ են սկսել աղմկել նիկոլականները ու ցուցադրական հակառուս խաղալ. մի կողմից, գիտեն, որ կա իրենց փոփոխման պրոյեկտ, առնվազն մի քանի անձերի, և ուժի մասով, որոնց մասին արդեն գրել եմ:
Մյուս կողմից, հակառուս ակտիվացմամբ ցանկանում են ասել Արևմուտքին, որ մինչև վերջ գնալու են ՌԴ-ի դեմ, ինչու՞ աջակցել ուրիշ արևմտամետների՝ իրենց տեղը նրանց բերելով:
Այս փուլը լակմուսի թուղթ է նիկոլոսի համար. ամեն բան է անելու ու առանց որևէ կարմիր գիծ ունենալու, ինչպես միշտ է անում:
«Աննան Ուկրաինայում» պրոյեկտը էդ պլանի մի դրվագն էր. առաջիկայում ՀՀ-ն հայտարարելու է ՀԱՊԿ-ում իր անդամությունը սառեցնելու, հետագայում այն կասեցնելու մասին, որը ժամանակագրորեն միգուցե կհամընկնի ՀՀ-ի վրա սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական հնարավոր առաջխաղացման հետ:
Լիովին ճիշտ ժամանակի ընտրություն, որից առաջ դու պետական ամենաբարձր մակարդակով սկսում ես հայհոյել ռուսներին, որ հետագայում աջակցություն նրանցից չստանաս ու հասարակության վրա դա ծախես, թե բա՝ ռուսները քեզ չօգնեցին, մեզ դավաճանեցին և այլն:
Ու գիտե՞ք ինչ, ստացվում է, ու հակառուսականության այն դոզան, որ այսօր առկա է, բավարար է երկիրը աղետի բերելու, խոր ու համապարփակ կոլապս ստեղծելու համար: Իսկ հասարակությունը, հատկապես մեր հասրակությունը, սիրում է նման բաներ, բոլորին մեղադրել մեր ներկա վիճակի մեջ՝ մի տեսակ շրջանցելով երկու «հոգու»՝ ինքն իրեն ու նիկոլոսին՝ իր թիմով:
Նիկոլոսին ամեն գնով անհրաժեշտ է պատերազմը. նրա վերջին ելույթը կառավարությունում դրա հերթական ապացույցն էր, որ մեզ վրա հարձակվելու են, բայց մենք չենք պաշտպանվելու, մենք հանձնելու ենք՝ հանուն խաղաղության. «Ռազմաքաղաքական իրավիճակն էականորեն սրվել է, Ադրբեջանը զորք է կուտակում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանագծի երկայնքով, բայց մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին»:
Մեր զինվոր տղերքն են ափսոս լինելու, որ փորձելու են խնդիրը սահմանին լուծել, մինչդեռ խնդիրը կառավարությունում է նստած, որին, կարծես, որևէ մեկը չի ցանկանում «լուծել», կամ լուծել ցանկացողներին աջակցել:
Ի դեպ, նիկոլոսը պատերազմն էլ է փորձելու ՌԴ-ի գրպանը գցել, ասել, թե բա՝ մեր հակառուսականության ֆոնի ներքո ՌԴ-ն միգուցե հենց ինքը հրահրեց Բաքվին սկսելու ռազմական գործողություններ: Ու գիտե՞ք, էլի ստացվելու է դրա հիմքով հանրային տրամադրույթուններ ստեղծել, բանվորից մինչև բժիշկ, դոկտորից մինչ ուսանող, ուժայինից մինչև գյուղացի ՀՀ քաղաքացիներ:
Հնարավոր ռազմական գործողությունը շահեկան է նաև Արևմուտքին, քանի որ դրանով նիկոլոսը փորձելու է Իրանի ու ՌԴ-ի թեմաները մեջտեղից հանել, իրենց համար լիարժեք ու ամբողջականորեն բացել ՀՀ դռները:
Իհարկե, նրանք կոչեր ևս կանեն, բայց դե, մեծ հաշվով, բոլորին ձեռնտու է, որ միջանցքը տրվի, Արցախը լիարժեք տրվի Բաքվին, ՌԴ-ն դուրս գա ՀՀ-ից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Նիկոլոսը ՀՀ-ն դարձնելու է ռազմադաշտ, ու եթե հնարավոր հարձակումը տեղի ունեցավ, ու Իրանը հասկացավ, որ սա Սյունիքը հանձնում է, Թեհրանը հավանաբար կանցնի Արաքսի սահմանը, որը, ի դեպ, ՌԴ-ի սահմանապահներն են պահում:
Հիշեցնեմ՝ այն, ինչ իրեն կարող է թույլ տալ Թեհրանը, այդ թվում Մոսկվայի հետ ճշգրտելով իր դիրքրոշումը, իրեն թույլ չի կարող տալ Մոսկվան, քանի որ Մոսկվան Նոյեմբերի 9-ի կողմ է և ունի խաղաղապահներ Արցախում:
Եթե Մոսկվան հանկարծ մասնակցեց թեմային, դառնում է կողմ, հետևաբար Երևանը ու Բաքուն շտապելու են նրան դուրս հրավիրել Արցախից: Դա է պատճառը, որ Մոսկվան սովորաբար աշխատում է զգույշ խոսել միջանցքի մասին, քանի որ հաջորդ օրը ՀՀ վարչապետը կառավարության նիստում ՌԴ-ին կմեղադրի ճնշման մեջ, թե բա՝ մենք Ադրբեջանի հետ ցանկանում ենք խաղաղություն, Մոսկվան թույլ չի տալիս՝ ճնշելով: Որ խաղաղության Երևանը ցանկանում է հասնել միջանցք տրամադրելով և կապիտուլյացիոն ու ցեղասպանական պայմանագիր կնքելով, իսկ Մոսկվան պաշտոնապես, փաստորեն, դեմ է:
Սա է պատճառը, որ դեռ Նոյեմբերի 9-ին ռուսները, փորձելով իրավիճակը մեղմել, պայմաններ ստեղծեցին, որ իրենց շահերը ևս հաշվի առնվեն, ու իրենց Դաշնային ծառայությունը վերահսկի հնարավոր տրամադրվելիք միջանցքը, եթե դրա դեմը իրենք չկարողանան առնել:
Դեռ երկար կարելի է գրել, բայց երևի այսքանով ավարտեմ:
Ալեն Ղևոնդյան